Թորոս Ծառուկյան (Մեծ Չելլո)

 

Ծնվել է 1870 թվականին, Արևմտյան Հայաստանի Կյուրին գյուղաքաղաքում: Կրթություն ստացել է Կյուրինի Արամյան, իսկ ավելի ուշ Յոզղատի Վահանյան դպրոցներում: Եղել է «Փոքր Հայքի կազմակերպության» անդամ։ Գործունեություն ծավալել է Կեսարիայի շրջանում: Թուրքական իշխանություններին շփոթեցնելու և հայերի հանդեպ նոր բռնությունների առիթ չտալու համար Թորոս Ծառուկյանը և իր խումբը՝ Մ. Խանապախյան, Հ. Արզումանյան, Փ. Յաղուպյան, Կ. Բարսեղյան, «Չելլո» են անվանվել ի նմանություն հայտին ավազակախմբի: Ծառուկյանը ժողովրդի առջև անընդհատ հանդես է եկել ինքնապաշտպանության կոչերով և հորդորել հարուստներից խլել և ապա բաժանել չքավոր գյուղացուն նրանց ունեցվածքը: Թուրք կառավարականներին սկսբում հաջողվել է ձերբակալել Մեծ Չելլոի ընկերներին, ապա 1893 թվականի փետրվարի 17-ին ՝ Թորոսին: Ավելի ուշ՝ 1893 թվականի հուլիսի 18-ին Ծառուկյանը իր ընկերների հետ միասին կախաղան է բարձրացվել:

Մեծ Չելլոն իր վերջին նամակում հույս հայտնելով որ Հայ ազգի ազատության ժամը ավելի քան մոտ է գրել է՝ «Հայու ազատությունը հայը պիտի գործե, մուրալը օգուտ չունի, միշտ պիտի խաբեն մեզի»: Ի պատիվ Ծառուկյանի ժողովուրդը երգեր է ձոնել, զրույցներ և ասքեր հյուսել: