Արամ Աչըքպաշյան ( Գրիգոր Կարապետյան)

 

Ծնվել է 1867 թվականին Արևմտյան Հայաստանի, Մալաթիայի նահանգում գտնվող Արաբկիր քաղաքում: Տարրական կրթություն ստացել է ծննդավայրի դպրոցում: 1886 թվականին տեղափոխվել է Կոնստանդնոպոլիս, որտեղ Մեծն Մուրադի և Հարություն Եանկյուլյանի հետ հիմնում է Հնչակյան կուսակցության Կոնստանդնոպոլսի մասնաճյուղը: 1890 թվականի Գոմ Գափուի ցույցի գլխավոր կազմակերպիչներից: 1892-1904 թվականներին գործել է Փոքր Հայքում և շրջակա գավառներում, փորձել միավորել և համաձայնեցնել այնտեղ պայքարող ֆեդայական խմբերի գործունեությունը։ Արամը (Գրիգորը) մեծ դեր է խաղացել Շապին Գարահիսարի հերոսական ինքնապաշտպանության (1895 թվական) ընթացքում։ Այս ամենից հետո նա մեկնել է Եվրոպա, ապա 1908 թվականի երիտթուրք հեղաշրջումից հետո վերադարձել է Կոստանդնոպոլիս։ 1914 թվականին հնչակյան այլ գործիչների հետ ձերբակալվելուց հետո դատապարտվել Է Իթիհաթ վե Թերաքի (Միություն և Առաջադիմություն) կուսակցության ղեկավարներին ահաբեկելու փորձի մեղադրանքով և Կոստանդնուպոլսի Սուլթան Բայազետ հրապարակում մահապատժի ենթարկվել 20 կախաղանների թվում: