Սարգիս Մանուկի Սարգսյան
Սարգսյան Սարգիսը ծնվել է 1963 թ.-ի հունվարի 16-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Նրանց ընտանիքը 1965 թ.-ին տեղափոխվում է հայրենք և մշտական բնակություն հաստատում Արմավիրի (Հոկտեմբերյան) Մայիսյան գյուղում: Սարգիս Սարգսյանը 1980թ.-ին ավարտել է Մայիսյանի միջնակարգ դպրոցը, և անմիջապես որպես բանվոր աշխատանքի է անցել` նախկին գյուղական շինարարության մինստրության Հոկտեմբերյանի 8-րդ Տրեստում: 1981-ին զորակոչվել է բանակ, 2 տարի ծառայելուց հետո վերադարցել է և զոդողի մասնագիտությամբ աշխատանքային կենսագրությունը շարունակել Ատոմային էլեկտրակայանում: 1991-ի սկզբից մասնակցել է Արցախի ազատագրման համար մղած մարտերին: Սարգիսը եղել է Հադրութի Մարտակերտի շրջանում: Սարգիսի վերջին մարտը 1992 թ. հունիսի 29-ին էր, Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղի ազատագրման համար էր, որտեղ էլ ընկավ հերոսի մահով: Սարգսյանն իրենց բազմազավակ ընտանիքի 10 երեխաներից էր (6 եղբայր և 4 քույր) ամուսունցացած էր և ուներ մեկ դուստր: << Արծիվ 13 >>-ը այդ ճակատագրական ժամանակների մարտական խմբերից էր` անդամագրված, իրար հասկացող, իրար գնահատող, իրար լռությամբ հզորացած տղաներով: Նրանց թվում էր Սարգիսը` Հալեպ քաղաքից 30 տարի առաջ հայրենադարձված Մանուկ Սարգսյանի զավակներից մեկը: Սարգիսը եկավ ջոկատ և մնաց արծիվների հետ, նրանց ոգու ճախրերը նաև իրենն էր, նաև իրենով ուժեղացած, կորովի և աննահանջ: Ջոկատի օրենքն էր `միասին լինել` մշտապես իրար զորավիկ, ուղղամիտ և ազնիվ,նպատակի համար նվիրումով լեցուն,չնահանջող կամքի և անսասան: Սա Ռուբիկ Եղոյանի հոգեհույս հաղորդությունն էր դեպի ընկերներ: Պատերազմական բոցերի մեջ թրծված տղաների համառության կերպարը,որ անգամ թշնամուն էր հայտնի: Սարգիսն այս սկզբունքն ընդունում էր ինչպես իր ազգանունը,իբրև իր նպատակի առաջին պայման: